Գրականություն


Ստեղծագործում են աշակերտները




Էհե՜յ ժամանակ, կա՛նգ առ,զրուցենք,
Այնքան արագ ես ախր դու անցնում,
Չենք էլ հասցնում քեզ մի բարև տալ:
Էհե՜յ ժամանակ մի՛ անցիր գնա,
Դեռ շատ բան ունենք չարած,չտեսած.
Մեկը նկարիչ՝ աչքերը հառած անհաս Մասիսին,
Մյուսը բանաստեղծ՝ գրիչը ձեռքին,
Որ պիտի գրի նկարի մասին,
Որ պատեր ուներ տունը քարաշեն,
Բայց տանիք չուներ,
Երջանիկ էին առանց տանիքի`
Բաց երկնքի տակ, արևն էր շողում,
Մանկան աչերն էին փայլում գիշերով,
Երբ արև չկար, Լուսինից պայծառ
Փայլ էր առկայծում մոր աչերը թաց:
Այգին էր փռված՝ ընդարձակ ու լայն,
Ծիրանն էր բուրում,այնքա՜ն հոտավետ:
Էհե՜յ ժամանակ ,ու՞ր ես շտապում,
Մարդիկ դեռ այնքա՜ն անելիք ունեն:
Մի քիչ եսասեր եղիր ժամանա՛կ,
Թող որ մտածենք գոնե քո մասին,
Հայասեր եղիր մի քիչ , ժամանա՛կ,
Թույլ տուր մտածենք
Քարից հաց քամող,միշտ քաջ ու համառ
Մեծ հայի մասին.
Կանգնի՛ր ժամանակ,ժամանակ չունենք…
Այնքա՜ն աղոթքներ ունենք առանց<<ԱՄԵՆ>>-ի,
Գագաթներ ունենք դեռ չնվաճված,
Կանգնի՛ր ժամանակ, ու՞ր ես շտապում,
Դեռ այնքա՜ն-այնքա՜ն ասելիք ունեմ…
Գորայքի միջն.դպրոցի 11-րդ դաս.աշակերտուհի՝Տաթև Առուստամյան



Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո

...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա...    
                                 Եղիշե Չարենց


ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
                                     Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
                                     Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
                                     Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
                                     Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
                                     Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
                                     Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
                                     Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
                                     Անձրև՜ է, աշո՜ւն...
                                                    Վահան Տերյան

ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
                                    Վահան Տերյան  1905


Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի,-
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:
Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...
                                     Եղիշե Չարենց


 Գտա

Իմ մանկության դառն հուշեր, 
Ու ես ձեր մեջ որբ տղա, 
Բայց ահա խոր մի գիշեր 
Որբանոցից ես փախա . 
Մորս կարոտն իմ սրտին՝ 
Քաղաքն արի ոտնատակ, 
Գտա միայն մեր բարդին 
Ու մեր խրճիթն՝ ավերակ։ 

Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝ 
Թե ինչպես ձեռքն ասկյարի 
Հորս թողել կիսամեռ, 
Չէր թողել քարը քարի... 
Բայց ու՞ր էր մայրս դալուկ,
Ա՜խ, նա էլ էր որբացել, 
Արցունք դարձել ու մանուկ 
Աչքիս մեջ էր մնացել։ 
Եվ հուշերի սրտամշուկ 
Շշուկներն են վկայում, 
Որբ մնացի և արցունք, 
Եվ Շիրակիս շուկայում 
Խուժանացա։ Եվ մի օր 
Տեսա՝ սև հացը ձեռքին 
Տուն էր գնում գլխիկոր 
Հին շուկայից մի խեղճ կին։ 


Վրա պրծա ու ձեռքից 
Հացն ուզեցի փախցնել, 
Նա ետ դարձավ, բայց մեկից, 
Ա՜խ, չիմացավ ինչ անել,
Եվ անունս շրթունքին՝ 
Ինձ գառի պես գիրկն առավ, 
Ամուր սեղմեց իր կրծքին։ 

Եվ գլուխս էր գուրգուրում, 
Սեղմում կրծքին իր մաշված,
Եվ աչքերս էր համբուրում,
Եվ ձեռքերս մրոտված, 
Եվ կրկնում էր՝ <<Գի՛ժ ջան, գի՛ժ>> ։ 
Եվ լալիս էր , եվ գգվում, 
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ 
Մարդիկ էին հավաքվում... 


Բայց սիրտս, որ տարիներ 
Կարոտել էր մոր գրկի, 
Չէր հարցնում, թե ով էր, 
Չէր մտածում ու կրկին, 
Թեև, որպես մի թռչնակ, 
Թպրտում էր կույր ու խեղճ,
Բայց զգում էր, որ մի տաք 
Բույն էր գտել գրկի մեջ։ 

Նա խենթ փայում, փայփայում,
Եվ խայտում էր իմ հոգին, 
Ու կարծես թե շուկայոււմ 
Ինչքան հաց կար՝ ինձ տվին 
Բայց նա հացն էլ մոռացած՝ 
Դեռ ինձ կրծքին էր սեղմում, 
Ա՛խ, նա մայրիկս էր կորած, 
Կորած որդուն տարավ տուն...
                       Հովհանես Շիրազ





Սահյան.jpg






Շնորհավոր Ծնունդդ Մեծն Սյունեցի...







Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերենפסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha, ), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը:


Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում(ստույգ թվականը վիճելի է` 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից` անդրանիկ զավակների կոտորածից: Համաձայն քրիստոնեական ուսմունքի` այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման` հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8):


Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա:


Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:


Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը:

Комментариев нет:

Отправить комментарий